«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:
-Վաղը ապրիլի մեկն է (արդեն այսօր), ներքաղաքական կյանքը սկսել է ակտիվանալ ավելի ու ավելի արագ, ըստ Ձեզ` ակտիվացումն ապրիլմեկյա՞ն տիրույթում է, թե՞ սթափ իրականություն, մինչև ո՞ւր են պատրաստ հասնել ոչիշխանական ուժերը, լուրջ իրենց հավակնություններում:
-Ներքաղաքական կյանքը մեր երկրում, ցավոք կամ բարեբախտաբար, երբեք չի եղել հանգիստ ու հանդարտ, մենք քաղաքականություն սիրող, հասկացող ու քաղաքականությամբ զբաղվող ժողովուրդ ենք, սա հարցի մի կողմն է: Կա նաև երկրորդ կողմը՝ ունենք իրենց վերին ատյանի ճշմարտություններ արտասանելու կոչված համարողների մի ստվար հատված, այս գործիչների գործողությունները և մտքերը բացառապես գերինքնագնահատականի տիրույթում են, և սա կատակ չէ, այլ իրականություն: Թե ո՞ւր են պատրաստ հասնել և որքա՞ն են լուրջ ոչիշխանական ուժերի հավակնությունները, արդեն նույնիսկ հարց չեն: Իսկ մի՞թե նրանք ուզում են ինչ-որ տեղ հասնել: Նրանց համար նպատակը ոչ թե Ա կետից Բ կետ հասնելն է, այլ ընթացքը, որի ժամանակ իրենց թվում է, թե իրենք արժևորվում են իբրև հույժ կարևոր գործով զբաղվողներ, և որի դիմաց ստանում են քաղաքական ու նյութական դիվիդենդներ թե իբրև քաղաքական ուժ, թե իբրև քաղաքական գործիչներ: Այնպես որ, այս օրակարգը նրանց լիուլի բավարարում է, չի բացառվում, որ այս օրակարգը կարող է հետաձգվել, եթե լինի համապատասխան հրահանգ:
-Այնուհանդերձ, պահանջներն ավելի հստակ են դառնում` կառավարության հրաժարական, ազգային համաձայնության կառավարության ձևավորում…
-Եվ ո՞րն է այդտեղ հստակությունը: Իսկ այլ կառավարությունների օրոք ընդդիմությունը ի՞նչ էր ուզում, պահանջները ա՞յլ էին, երկնքից աստղե՞ր էին ուզում, մենք գոնե լավ հիշում ենք, թե ամսեամիս ինչ էինք գրում՝ այս շաբաթ, եկող շաբաթ, մյուս ամիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը հրաժարական է տալու, ընդդիմությունն այս-այս պատճառներով կառավարության հրաժարականն է պահանջում: Այնքան էին լրագրողները պարոն Մարգարյանին հարցրել իր հրաժարականի մասին, որ վարչապետությունից ութ տարի անց էլ վարչապետը արդեն ինքն էր հարց տալիս` էդ հարցից չհոգնեցի՞ք: Այն ժամանակ գոնե մեկ կարևոր հարցում կար հստակություն` կար ընդդիմություն, որը չէր խուսափում իրերն իրենց անունով կոչելուց և բաց ու պարզ հայտարարում էր, որ ընդդիմությունը ինքն է, որ ինքը ընդդիմություն է: Այսօր քաղաքական դաշտի պատկերն այնքան է երերուն, որ, իշխանությունից բացի, մյուս քաղաքական ուժերը չգիտեն անգամ իրենք իրենց ինչպես բնորոշել: ՈՒ այդ չկողմնորոշվելու պատճառով հայոց քաղաքական մտքի շտեմարանում քաղաքագիտական հայտնագործություններ են անում՝ այլընտրանք, ոչիշխանական ուժեր, չեմ զարմանա, երբ վաղը երրորդ տարբերակն էլ ի հայտ գա: Ես, որպես քաղաքացի, լուրջ չէի ընդունի մեկին, ով անուն չունի և խուսափում է կոնկրետությունից՝ թաքնվելով բառերի թիկունքում: Ի վերջո, անհնարին է չնկատել այդ ուժերի ներքին անհարմարավետությունը. չափազանց տարբեր են նրանց անցած ճանապարհները, տերերը, ներկայի ու ապագայի պատկերացումները, որ կարողանան միասին մի տեղ հասնել, միակ ընդհանրությունը Հայաստանում ապակայունացման փորձ նախաձեռնելու հանձնառությունն է, իսկ ընդհանրապես նրանց համերաշխությունը նման է չսիրելով ամուսնության փորձի, որը դեռ զագս չհասած ի չիք է դառնալու: Ոչիշխանական ուժեր արտահայտությունը կարծես հնչում է որպես ոչ ամուսնական ուժեր, իսկ չամուսնացած զույգերից երեխաներ չեն ծնվում, տարբեր պատճառներով` սկսած ֆիզիոլոգիականից մինչև անհամատեղելիություն: Ծնվածն էլ ապօրինի զավակ է լինում. միջնադարում նրանց անվանում էին բաստարդներ ու ժառանգ չէին ճանաչում:
-Բաստարդ, թե ոչ, ապրիլի 28-ին խորհրդարանում դրվելու է կառավարության հրաժարականի հարցը, ոչիշխանական ուժերը հույս ունեն, որ հաջողության են հասնելու, ասում են` նաև ՀՀԿ-ից կգտնվեն աջակիցներ:
-Խորհրդարանը հենց նրա համար է, որ դրվեն հարցեր, քննարկվեն և գտնվեն լուծումներ, «պառլամենտ» բառն էլ հենց նշանակում է խոսելու տեղ, և չկա արտառոց ոչինչ, որ մարդիկ հարց են դնում և առաջարկում են քննարկել, թող դնեն, քննարկեն, սակայն չմոռանան, որ կա սահմանադրություն, կա կոալիցիոն համաձայնագիր, որ կառավարությունը և վարչապետին նշանակում է կամ որոշում է քաղաքական մեծամասնությունը, իսկ քաղաքական մեծամասնության օրակարգում առայժմ չկա կառավարությունը փոխելու կամ վարչապետին փոխելու հարց: Երբ մենք նման որոշում կայացնենք, կիրականացնենք ինքներս սահմանադրության պահանջներին համապատասխան: Մանկամտություն է մտածել, որ երկրի նախագահի իրավասությունների տիրույթում գտնվող հարցը կարող է լուծվել այլ տիրույթում:
-Կարող է լինել նաև ֆորսմաժորային իրավիճակ, երբ հարցերն այլ կերպ են լուծվում, Դուք մերժո՞ւմ եք ֆորս-մաժորը:
-Ֆորս-մաժորը անգամ ոչիշխանական ուժերն են մերժում, իրենք չեն էլ թաքցնում, որ ուզում են գնալ փափուկ ճանապարհով, իսկ փափուկը երբեք չի լինում ֆորս, փափուկը լինում է ֆարս` հասարակությանը խաբելու և սեփական, նեղանձնական և նեղկուսակցական շահերը առաջ տանելու նպատակով: Ցավոք կամ բարեբախտաբար, մեր գործընկերների մեջ չկան հերոսներ, որ պատրաստ են ինքնահրկիզման հանուն այլոց պայծառ ապագայի, մերոնց ավելի պրագմատիկ ու առօրեական, առտնին ու կենցաղային հարցեր են հետաքրքրում, քան գլոբալ աշխարհաքաղաքական կամ լոկալ քաղաքական հարցերը:
-ԲՀԿ-ից Վահան Բաբայանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսեց մարդկանց փողոց հանելու մասին, խոսեց հարյուր հազարի մասին և ավելիի, ոչի՞նչ:
-Իսկ ո՞վ է նա, և որքա՞ն արժե նրա խոսքը: Զրոյական: Եթե հարցնում եք հարյուր հազարի մասին, հիշեք, թե նրա բլթոցին ինչպես արձագանքեցին մեր օրերի հեղափոխականները, ինչպես են իրենք մերժում այս կարգի անլրջությունները:
-Մարդիկ դժգոհ են իրենց վիճակից և փոփոխություններ են ուզում, նրանք կարող են փողոց դուրս գալ առանց բլթացնողների էլ:
-Համամիտ եմ, այսօր մենք ունենք լուրջ խնդիրներ, կառավարության աշխատանքը պետք է առավել տեսանելի ու զգալի լինի արդյունքների հարթության մեջ, մարդիկ պետք է շատ արագ զգան փոփոխություններն իրենց կյանքում: Անցած բոլոր տարիներին մենք համոզվել ենք, որ խնդիրները, եթե նույնիսկ սկսվել են փողոցում, փողոցում չեն լուծվում: Հայաստանի երրորդ Հանրապետությունը բավականին ճանապարհ անցել է, որ ժողովրդավարության այս հանգրվանում արդեն հասկանա փողոցի և Սահմանադրության տարբերությունը:
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ